«Ո՞վ է ասել, որ լռությունը գին չունի». «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ
Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանն օրեր առաջ հայտարարել էին խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք հայտարարել էին, որ Զարուհի Փոստանջյանի և մյուս գործընկերների հետ հիմնական տարաձայնությունը եղել է մոտեցումների և գործելաոճերի տարբերությունը:
Անդրադառնալով գործելաոճին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության և նաև ավագանու անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ոճի մասին առհասարակ չի կարելի խոսել իրենց պարագայում, քանի որ նրանց որևէ մեկը որպես ոճային քաղաքական գործիչ չի ճանաչում:
Ասուլիսի մյուս բանախոս, «Երկիր Ծիրանի» խմբակցության և ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էլ այս մասին ասաց.
«Լռությունը ոճ չէ, և այստեղ բոլորովին էլ ոճի խնդիր չկա, ուղղակի նրանք այլ արդարացում չեն կարողանում գտնել: Սա դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ: Ինչո՞ւ լռել: Ո՞վ է ասել, որ լռությունը գին չունի»:
Սոնա Աղեկյանի խոսքով՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից լինելով Երևանու ավագանու անդամ՝ արտահերթ նիստի ընթացքում նրանց տրվել էր հարթակ, որտեղ կարող էին ցույց տալ այն ոճը, որով իրենք առաջնորդվում էին, քաղաքացուն հուզող խնդիրները կարող էին բարձրաձայնել, բայց նրանք դա չօգտագործեցին:
«Կուսակցության ժողովի առջև երդում են տվել և պարտավորություն են ստանձնել այդ լիազորությունն օգտագործել ի շահ երևանցու, ի նպաստ Երևանի: Սակայն նրանք դրժել են: Դավաճանություն է այն, որ լռել են, դավաճանություն է այն, որ նախապես հարց և ելույթ չէին պատրաստել»,- ասաց Սոնա Աղեկյանը:
Մարինա Խաչատրյանի հաղորդմամբ՝ պայմանավորվածություն կար խմբակցության ներսում, որ չաշխատելու պարագայում և լռելու պարագայում կատարվելու է ռոտացիա: Նրա խոսքով՝ այն լիազորությունները, որ տրված են ավագանու յուրաքանչյուր անդամի, ժողովրդի ձայնն են: Եվ «Երկիր Ծիրանիին» ձայն են տվել այն մարդիկ, ովքեր դեմ են այս կառավարման համակարգին, իշխանություններին, ովքեր չեն վաճառում իրենց ձայնը: «Եթե նրանք քեզ լիազորել են գնալ և իրենց անունից խոսել, ապա դու պարզապես իրավունք չունես նրանց դավաճանել»,- ասաց նա:
Օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ավագանու անդամ Պարակշիևը նշել էր, որ քաղաքապետարանում աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն: Սրան ի պատասխան՝ Մարինա Խաչատրյանն ասաց.
«Մի՞թե թատրոն է ավագանու նիստի ժամանակ քո երկրին հուզող հարցը քո ձևով բարձրաձայնելը, արդյո՞ք թատրոն չէ լռություն խաղալը»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը նիստ էր անցկացրել և անվստահություն հայտնել խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին: Տարածած հայտարարության մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մասնավորապես նշել էր. «Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը»:
Անի Թորոսյան