«Ադրբեջանցիներն ավելի շատ զոհեր են ունենում, քան հայկական կողմը». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արցախի հարցում նոր բան սպասել պետք չէ.

«Ես նկատի ունեմ և՛ շփման գիծը, և՛ բանակցային գործընթացը։ Ադրբեջանն անհայտորեն վաղուց ռազմավարություն է ընդունել, որ լարվածությունը շփման գծում կպահպանվի, կլինեն կրակոցներ, իսկ ժամանակ առ ժամանակ կլինի էսկալացիա: Համանախագահները, միջազգային հանրությունն այն կանգնեցնելու հնարավորություն չունեն: Ընդհանրապես  քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»։

Իսկանդարյանի խոսքով՝ այս ամենին հայկական կողմը բավականին կոշտ է արձագանքում. «Ադրբեջանցիներն ավելի շատ զոհեր են ունենում, քան հայկական կողմը։ Քանի որ խոսքի ազատության, գրաքննության, մամուլի հետ կապված իրավիճակն այլ է, դա էլ լուրջ չի ազդում Ադրբեջանի վրա, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»։

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնչեցրել են հասցեական հայտարարություններ, բայց կարճ ժամանակ անց նրանց հայտարարությունների տոնայնությունը փոխվեց, ինչո՞վ էր դա պայմանավորված, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Մինսկի խմբի գործունեության բնույթն արդեն ենթադրում է, որ պետք է համագործակցի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, հնարավորություն ունենա աշխատել և Հայաստանում, և Ադրբեջանում: Երբ նրանից Հայաստանում և Ադրբեջանում պահանջում են, որ ճիշտը պետք է ասեն, ճիշտը չպետք է ասեն: Եթե կանգնեն կողմերից մեկի կողքին, հենց այդ պահից կկորցնեն իրենց աշխատանքի իմաստը: Նրանց խնդիրն է՝ աշխատել անվտանգության  ձևաչափի վրա, պահպանել իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս