Մալենա Մարդը ԼՂ-ում ստատուս-քվոն անկայուն է համարում
Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ մեջբերելով պատվիրակության ղեկավարի խոսքերը.
«Մենք ողջունում և աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունն ու ցուցաբերած ջանքերը, ինչպես նաև նրանց՝ տարածաշրջան կատարած այցից հետո հնչած հայտարարությունը: Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ հարցին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Զալբերը ևս հաճախ այցելում է տարածաշրջան և ուշադիր հետևում է այդ գործընթացներին»,- նշել է նա:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը ևս հունիսի 22-ի հայտարարությամբ արտահայտել էր ԵՄ դիրքորոշումը.
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե′ գործերում, և թե′ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,- նշել էր Կոսիյանչիչը: