ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք դիտարկում է իրականացրել
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: