Վահան Շիրխանյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատական նիստերի դահլիճից ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին:

Մինչ այդ դատավորը նախազգուշացրեց Վահան Շիրխանյանին, ով ոտքի չկանգնեց, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը ներս մտավ նիստերի դահլիճ: Դատավորը վկայակոչելով համապատասխան նորմը՝ նշեց, որ արդեն երկրորդ դատական նիստն է՝ Վահան Շիրխանյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:

Դատավորը բացատրեց, որ դատական նիստի ընթացքը կրկին խախտելու և բնականոն նիստին կրկին խոչընդոտելու դեպքում կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր առարկությունը ներկայացրեց դատավորի գործողությունների դեմ՝ նշելով, որ Վահան Շիրխանյանն ի վիճակի չէ կանգնելու:

Հայկ Ալումյանն ասաց, որ դատավորը վկայակոչում է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Վահան Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին, սակայն դրա բովանդակությունից որևէ կերպ չի հետևում, որ Վահան Շիրխանյանն ի վիճակի է ոտքի կանգնել, այդպիսի հարց չի առաջադրվել, այդպիսի պատասխան չի ստացվել: Ըստ նրա՝ Վահան Շիրխանյանի՝ ի վիճակի չլինելը մեկնաբանվում է՝ որպես անհարգալից վերաբերմունք:

Դատավորը մերժեց գործով ամբաստանյալ Վահագն Սալնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանի միջնորդությունը՝ Վահագն Սալնազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, գրավով փոխարինելու վերաբերյալ: Որոշման հրապարակման ընթացքում ևս Վահան Շիրխանյանը ոտքի չկանգնեց, դատավորը կրկին զգուշացրեց Վահան Շիրխանյանին՝ նշելով, որ դահլիճում 2-րդ կարգի հաշմանդամ կա, սրան հետևեց Վահան Շիրխանյանի արձագանքը: Արդյունքում՝ Վահան Շիրխանյանը հեռացվեց նիստերի դահլիճից:

Տեսանյութեր

Լրահոս