Բաժիններ՝

Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԳՇ հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը Դոհա է ուղարկել 5 զրահամեքենա և 23 զինվորական: Զինված ուժերից հայտնել են նաև, որ այսուհետ գործողությունները կշարունակվեն ծրագրված կերպով:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս