Եվրախորհրդի ղեկավարը դեռևս հնարավոր է համարում Brexit-ի չեղարկումը
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դեռ հավատում է Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիային պահելու հնարավորությանը: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի բացման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։
«Բրիտանացի ընկերներիցս մի քանիսն ինձ հարցնում են՝ կարելի է արդյոք Brexit-ը չեղարկել: Ես նրանց ասում եմ, որ ԵՄ-ն կառուցվել է երազանքների վրա, որոնք անհնար էին թվում: Ուստի՝ ո՞վ գիտե: Կարելի է ասել, որ ես երազող եմ, բայց ոչ միակը»,-ասել է նա:
Տուսկի խոսքով՝ ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալն «ամենաբարդ գործընթացն է»: «Բանակցություններն սկսվել են երեք օր առաջ: Դա ամենաբարդ գործընթացն է, որին ԵՄ-ն լավ է պատրաստ»,-նշել է Եվրախորհրդի ղեկավարը: Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցությունները հունիսի 19-ին սկսվել են Բելգիայի մայրաքաղաքում: Դրանք պետք է տեւեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերը, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: