Բաժիններ՝

Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող

Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին: Այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցել ավելի շատ ցանկանում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ժողովուրդը: «Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչ օրս ամենախնդրահարույցներից է: Թուրքիան պետք է մնա որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն այդ երկրի կառավարության քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է Եվրամիությանը, այլ հեռացնում է կառույցից: Եվ այս քաղաքականությունը պետք է ունենա իր հետևանքները»,- ասել է Փիրին:

Հունիսի 20-ին Եվրախորհրդարանում 51 կողմ, 3 դեմ և 14 ձեռնպահ ձայներով ընդունվել էր Քեթի Փիրիի՝ Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցը. Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության անդամ երկրներին կոչ էր արել պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները:

«Հաշվի առնելով վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և երկրում նախագահի լիազորությունների ընդարձակումը՝ ԵԽ արտաքին գործերի կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետությունների ազգային կառավարություններին կոչ է անում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, եթե ընդունված նոր սահմանադրության մեջ չկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները և այն հաստատվի հենց այդպես»,- նշվել էր ԵԽ նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս