Հայկական ծիրանն ու կարտոֆիլը հայտնվել են ադրբեջանական շուկայում
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով ադրբեջանական արտադրանքը Հայաստանի շուկայում հայտնվելու փաստին, հայտարարեց, թե խնդիրը միայն Հայաստանում չէ, ադրբեջանական շուկայում վերջերս հայտնվել է հայաստանյան արտադրության բանջարեղեն՝ կարտոֆիլ և ծիրան: Նրա խոսքով՝ ադրբեջանական արտադրանքը Հայաստան ներկրելը արգելելու համար պետք է կիրառել պաշտոնական սանկցիաներ, մշակել մեխանիզմներ:
«Վերջերս ադրբեջանական շուկայում էլ հայկական կարտոֆիլ ու ծիրան են հայտնվել: Այնտեղ ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են խանութներ, որոնցում վաճառվում է նաև հայկական կոնյակ, օղի, ծխախոտ, կոշիկ, հագուստ: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է հետևողական լինի այն երկրների նկատմամբ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Արցախը: Պետք է կիրառի պատժամիջոցներ, և այդ ցուցակում առաջին տեղը կգրավի Ադրբեջանը: Պետք է կիրառվեն պաշտոնական պատժամիջոցներ, տրվեն հրահանգներ, մշակվեն մեխանիզմներ, որ ապրանք ներկրող հայն ունենա ապրանքի ծագման մասին հավաստագիր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Միաժամանակ նա նշեց, թե հայ գործարարները ևս պետք է գիտակցեն, որ պետք չէ հակառակորդի բյուջեին գումար ավելացնել, որը հետագայում կարող է դառնալ ռազմական բյուջեի մի մաս:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը տարեկան ներկրում է 3 մլրդ դոլարից ավելի ապրանք, որից բանջարեղենի մասնաբաժինը կազմում է ընդամենը 9 մլն: Այսինքն՝ եթե նույնիսկ Ադրբեջանից կամ Թուրքիայից ներկրվում է բանջարեղեն, այն չնչին տոկոս է կազմում Հայաստանում սննդի ներկրման ծավալի մեջ:
«Իսկ վաճառված և Հայաստանից դուրս տարված ապրանքների համար չենք կարող ապահովել վերահսկողություն: Օրինակ՝ Վրաստանը գնում է հայկական ծիրանը և վաճառում՝ որ երկրին ուզի»,- ասաց սոցիոլոգը: