
«Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք: «Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է չխաբվել ադրբեջանական հորինվածքներին: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:
Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,- նշել է նա: