Դոնալդ Թրամփին մեղադրում են արտերկրից եկամուտ ստանալու մեջ

Դոնալդ Թրամփը խախտեց Սահմանադրությունը հենց այն պահին, երբ երդվեց այն պաշտպանել, հայտարարում են Կոնգրեսի դեմոկրատները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նա բացահայտ ու միանշանակ խախտում է աշխատավարձ ստանալու հոդվածը», – նշում է սենատոր Ռիչարդ Բլումենթալը:

Հոդվածի համաձայն, ընտրյալ պաշտոնյաները արտերկրից աշխատավարձ ստանալուց առաջ պետք է ստանան Կոնգրեսի հավանությունը:

«Մենք չենք կարող հավանություն տալ մի բանի, որից տեղյակ չենք, մի բանի, որը Դոնալդ Թրամփը թաքցնում է», – ավելացնում է Բլումենթալը:

Նախագահ Թրամփն արտերկրից եկամուտ է ստացել իրեն պատկանող ընկերությունների միջոցով, իսկ Կոնգրեսի դեմոկրատներն այդ պատճառով նրա դեմ երեք դատական հայց են հարուցել: Ընդդիմադիր օրենսդիրների խոսքով, արտերկրից ստացվող եկամուտը կարող է ազդել նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության ոլորտի որոշումների վրա:

«Որտեղի՞ց իմանանք, թե արդյոք նախագահ Թրամփն այդ որոշումները կայացնում է Ամերիկյան ժողովրդի, այլ ոչ թե սեփական շահերի հիման վրա», – հարց է տալիս սենատոր Թոմ Ուդալը:

Կոնգրեսի դեմոկրատների պահանջի հետ համամիտ չեն որոշ մասնագետներ:

«Արտերկրում ձեռնարկատիրական գործունեությունը տարբերվում է արտերկրից աշխատավարձ ստանալուց: Դա հայցատուների ամենաթույլ կողմն է», – նշում է Մայնութ համալսարանի իրավաբան Սեթ Բարեթ Թիլմանը:

Իրավաբանի խոսքով, դեմոկրատների առաջին քայլը՝ Դոնալդ Թրամփի ֆինանսական գործունեության մանրամասները բացահայտելն է լինելու.

«Նրանք նախ փորձում են ձեռք բերել նախագահի հարկային փաստաթղթերը: Հաջորդ քայլը կլինի իմպիչմենտի գործընթացը»:

Ամեն դեպքում դեմոկրատ կոնգրեսականների այս նախաձեռնությունը կարող է հեռու գնացող հետեւանքներ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս