Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը հաստատակամ են հանրաքվեի հարցում
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են: Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիի գլխավոր խորհրդական Հեմին Հավրամին:
«Սեպտեմբերի 25-ին հանրաքվե ենք իրականացնելու: Այս հարցում հետքայլ չենք կատարելու: Սա բնական ու օրինական իրավունք է: Մենք ապացուցել ենք, որ այս տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների անվտանգության համար սպառնալիք չենք հանդիսանում»,- ասել է խորհրդականը:
Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան և մյուս երկրները կհասկանան, որ քրդերի ցանկություններն օրինական են:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելի անկախության հանրաքվեի մասին հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պաշտոնական Անկարան դեմ էր արտահայտվել քրդերի անկախությանը՝ նշելով, որ դա կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությանը: