Բաժիններ՝

«ԱԺ պատգամավորները ձեր աշխատողները չեն». Էդմոն Մարուքյանը կրկին նկատողություն արեց ԱԺ նախագահին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում, դիմելով խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին, նորից հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորները նրա աշխատողները չեն. «Պարոն Բաբլոյան, դուք կրկին ձեր ելույթում նշեցիք, որ մարդիկ ունեք այստեղ, մենք ձեր աշխատողները չենք, ԱԺ պատգամավորները ձեր աշխատողները չեն, ԱԺ-ն հիմնարկ չի, դուք էլ այդ հիմնարկի տնօրենը չեք»։

Այսօր իր ելույթում Բաբլոյանը մասնավորապես ասել էր. «Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ժողովրդից, որ՝ լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որոնք ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունն ու անվտանգությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն կգրավեն»։

Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ էլ էր Մարուքյանը նույն դիտողությունն արել Արա Բաբլոյանին. «Պարոն Բաբլոյան, այնպիսի տպավորություն է, որ դուք կարծում եք, թե պատգամավորները ձեր աշխատողներն են, և պետք է ձեզ հետ կապվեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։ Ես պետք է ասեմ, որ դա այդպես չէ, որևէ պատգամավոր ԱԺ նախագահի աշխատողը չէ։ Խմբակցությունն ԱԺ մարմին է, և այդ պատմությունը, որ պետք է ԱԺ նախագահի միջոցով կապ հաստատվի, անընդունելի է»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս