Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Տոկիոյում մերձավորարևելյան զարգացումների մասին իր ելույթի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե գյուլենականները ներգրավված են որոշ երկրների հետախուզական ծառայություններում: «Գյուլենականները շատ ակտիվ են նաև Ճապոնիայում և մեծ սպառնալիք են այստեղ ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա հայտնել է, որ խնդրի առնչությամբ տեղեկություններ է փոխանցել Ճապոնիայի իշխանություններին:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Աշխատանքից հեռացվել է ավելի քան 100 հազար մարդ: