Էրդողանին Գերմանիայում սրահ չեն տրամադրում կողմնակիցների հետ հանդիպման համար
Գերմանիայի տարբեր քաղաքներում մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սրահներ տրամադրել իր կողմնակիցների հետ հանդիպելու համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Էրդողանը նախատեսվում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:
Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի միջոցառումն անցկացնելու դիմումը: Սրահի ղեկավարությունից հայտնել են, որ ամռանը König-Pilsner-Arena-ում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմից որևէ պաշտոնական դիմում չեն ստացել:
Գերմանիայում գործող և Թուրքիայի իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Եվրոպայի թուրք ժողովրդավարների միության ներկայացուցիչ Իզեթ Բայրաքը հայտնել է, որ Էրդողանի ելույթ ունենալու հավանականությունն այս պահին հինգ տոկոս է: Նա ընդգծել է, որ ամենամասշտաբային սրահներից մեկը համարվող Westfalenhallen համալիրի կողմից թույլտվություն չտալու պատճառով «ամենայն հավանականությամբ այդ թեման փակված է»:
Ուշագրավ է, որ ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի նախօրեին ևս գերմանական տարբեր քաղաքներում արգելվել էին թուրք քաղաքական գործիչների ելույթները: Այդ փաստը խիստ դժգոհություն էր առաջացրել նախագահ Էրդողանի մոտ, ով Գերմանիայի որոշումները համեմատել էր ֆաշիստական ժամանակաշրջանի որոշումների հետ: