Բաժիններ՝

DUP-ը Մեյից 2 մլրդ ֆունտ է պահանջել կոալիցիային մասնակցելու դիմաց. Telegraph

Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը երկու միլիարդ ֆունտ ստեռլինգ է պահանջել Պահպանողական կուսակցության հետ կոալիցիայում միավորվելու դիմաց: Այդ մասին գրել է Telegraph թերթը:
Ինչպես հրատարակությանը հայտարարել է մի աղբյուր, կուսակցությունը դադարեցրել է պահպանողականների հետ բանակցությունները, որպեսզի հասնի իր օգտին որոշման: «Նրանք դադարել են պատասխանել (Պահպանողական կուսակցության ներկայացուցիչների – խմբ.) զանգերին: Դա շարունակվել է 36 ժամ»,- նշել է աղբյուրը: Եթե պահպանողականները գնան այդ քայլին, գումարի կեսը կծախսվի տարածաշրջանի առողջապահության համակարգի ֆինանսավորման համար, երկրորդ միլիարդը կտրամադրվի Հյուսիսային Իռլանդիայի ենթակառուցվածքի օժանդակմանը, հայտնել է աղբյուրը:

Սակայն, ինչպես նշում է BBC հեռուստառադիոընկերությունը, DUP-ի ներկայացուցիչ Ջեֆրի Դոնալդսոնը հերքել է այն տեղեկատվությունը, թե կուսակցությունը 2 միլիարդի լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել:

Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին տեղի ունեցան ընդհանուր ընտրություններ: Պահպանողականները վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ստացան ընդամենը 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան ունեին խորհրդարանի նախորդ կազմում, եւ ութով պակաս, քան անհրաժեշտ է բացարձակ մեծամասնության համար: Մեյը բանակցություններ է վարում DUP-ի հետ հնարավոր համաձայնության շուրջը, որն ընտրություններում տասը մանդատ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս