«Իրոք, կարծում եմ, որ ՀՀ ժողովրդին պետք է հերոսի կոչում տալ». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե մենք դեռ վարչապետի հայտարարած որևէ գոլ չենք տեսել, այլ տեսել ենք ինքնագոլեր՝ սեփական դարպասին։

«Քանի որ ես ֆուտբոլի նկատմամբ անտարբեր չեմ, չեմ կարող չանդրադառնալ այս հարցին։ Ես իրոք կարծում եմ, որ ՀՀ ժողովրդին պետք է հերոսի կոչում տալ, նրա համար, որ հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ լսելով ֆանտաստիկ, երբեմն՝ գիտաֆանտաստիկ, գրանդիոզ ելույթներ, այդուհանդերձ չկորցրեց կողմնորոշվելու ունակությունը և, ֆուտբոլային լեզվով ասած՝ իր վրա վերցրեց մրցավարի դերակատարությունն ու, ըստ էության, արձանագրեց՝ խաղադաշտի որ մասում գրանցվեց գոլ, որում՝ ինքնագոլ, իսկ որտեղ` ընդհանրապես խաղից դուրս վիճակ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ տրամաբանական է, որ, եթե 5 տարվա ծրագիր են ներկայացրել, դա քաղաքական թիմի ծրագիրն է. «Դա ոչ թե ամբիցիոզ է, այլ օրինաչափ։ Իրականում կարծում եմ, որ այստեղ կարևոր պնդում է պետք անել՝ կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելիս անչափ կարևոր է նախնական տրամադրվածությունը։ Դու հակված ես այդ կառավարության ծրագրում տեսնել դրույթներ, որոնք քեզ հիմք են տալու, որպեսզի դու կո՞ղմ քվեարկես, թե՞ տեսնել դրույթներ, որոնք սուբյեկտիվ կամ օբյեկտիվ հիմնավորումներով հիմք են տալու, որպեսզի դու դեմ քվեարկես։ Իրականում ՀՀ քաղաքացուն այս ծրագիրն այնքանով է հոգեհարազատ, որ այստեղ կարող է տեսնել բազմաթիվ դրույթներ իր կյանքի որակի բարելավման համար, որոնք հիմք կտան իրեն` կողմ քվեարկել այս ծրագրին»։

Խորհրդարանի փոխնախագահն ասաց, որ, թեև մահացածներին չի սիրում ցիտել, բայց կցիտի Հարոլդ Նիկոլսոնին, ով ասում էր՝ ընդդիմությունն արվեստ է՝ խոստանալու այն ամենը, ինչը կառավարությունը չի կարողանալու իրականացնել. «Եվ քանի որ առաջիկա 5 տարվա ընթացքում որևէ մեկը չի կարողանալու ստուգել՝ արդյոք ընդդիմությունը կարողանալո՞ւ էր իրականացնել այն, ինչ ասել է, տրամաբանական է և նորմալ, որ դահլիճում կհնչեն այդպիսի տեսակետներ։ Անկախ քաղաքական օրակարգից, այս դահլիճում բոլորը միակարծիք են՝ այս ծրագիրն իրականություն դառնալու դեպքում հաջողելու ենք բոլորս։ Եվ այդ ժամանակ որևէ մեկը ոչ հեղինակային իրավունքի խնդիր է բարձրացնելու, ոչ էլ այս կամ այն ամբիցիայի խնդիր»։

Տեսանյութեր

Լրահոս