«Իրավունքը որոշում ենք մենք՝ Հայաստանի Հանրապետության ապստամբ քաղաքացիներս». Վարուժան Ավետիսյանը՝ դատարանում
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից։
Մինչ այդ դատավորը հրապարակեց իր որոշումը՝ գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին։ Դատարանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով կդիմի Փաստաբանների պալատ։ Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատավորի որոշմամբ՝ Գագիկ Եղիազարյանը 6 ժամով հեռացվել էր դատական նիստերի դահլիճից։ Նրա պաշտպանը դատարանին գրությամբ հայտնել էր, որ չի կարող մասնակցել դատական նիստին՝ Գագիկ Եղիազարյանի բացակայության պայմաններում։ Նա նշել էր, որ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիան չի համապատասխանում համաչափության սկզբունքին և չէր բխում արդարադատության շահերից։
Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատական նիստերը խախտումներով են անցկացվում, պաշտպանների մի մասը ծանուցված չլինելու պատճառով չեն ներկայացել դատարան։ Մասնավորապես, ըստ նրա, Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է Սմբատ Բարսեղյանի շահերը, ծանուցված չի եղել, չի ներկայացել դատարան, սակայն այս պայմաններում դատարանը նիստ է անցկացնում։ «Մենք գտնում ենք, որ բոլոր գործողությունները, որոնք մինչ այս կատարվել են, չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ պարզաբանեց, թե այս պահին գործի նախապատրաստական փուլում են գտնվում, դեռևս չեն կատարվում գործողություններ, միջնորդություններ չեն քննարկվում, որպեսզի ասեն, թե ամբաստանյալի իրավունքները կարող են ոտնահարվել, քանի որ պաշտպանը ներկա չէ։
Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ, եթե դատարանն այդ տրամաբանությամբ է շարժվում, ապա որևէ պաշտպան պետք է ներկայացած չլիներ այսօրվա դատական նիստին, մինչև դատարանը գործող անցնող անձանց կհարցներ՝ արդյոք ցանկանո՞ւմ են պաշտպաններ ունենալ: Ինեսսա Պետրոսյանը նկատեց, որ դատարանն ինքն իրեն հակասում է. րոպեներ առաջ որոշում էր կայացվել պաշտպաններից մեկի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին։ Դատավորն էլ ասաց, որ, եթե որևէ մեկը դատավարության ցանկացած փուլում անհարգալից վերաբերմունք է դրսևորում, պետք է սանկցիա կիրառվի։
Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց, դատավորը նշեց, որ առանց դատարանի թույլտվության՝ խոսելու իրավունք չունի։ «Իրավունքը որոշում ենք մենք՝ Հայաստանի Հանրապետության ապստամբ քաղաքացիներս»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց, հեռացրեց նիստերի դահլիճից և ընդմիջում հայտարարեց։