«Ասենք՝ ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ, լիքը մարդ կա, որ պատրաստ է». Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս նախ՝ դիմեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ նկատելով, որ պատգամավորները Բաբլոյանի աշխատողները չեն. «Պարոն Բաբլոյան, այնպիսի տպավորություն է, որ դուք կարծում եք, թե պատգամավորները ձեր աշխատողներն են, և պետք է ձեզ հետ կապվեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։ Ես պետք է ասեմ, որ դա այդպես չէ, որևէ պատգամավոր ԱԺ նախագահի աշխատողը չէ։ Խմբակցությունն ԱԺ մարմին է, և այդ պատմությունը, որ պետք է ԱԺ նախագահի միջոցով կապ հաստատվի, անընդունելի է»։
Դիմելով կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Մարուքյանն ասաց, որ իր հարցին, թե 2018թ. հետո լինելո՞ւ է ՀՀ վարչապետ, Կարապետյանն այդպես էլ չպատասխանեց. «Իսկ իմ ընկերոջ հարցադրմանն ի պատասխան՝ ասացիք՝ այո, ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ասենք՝ ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ, լիքը մարդ կա, որ պատրաստ է, բայց քաղաքական մեծամասնություն մենք չունենք։ Ուզում ենք հասկանալ՝ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե՞ ոչ։ Այդ հարցին չեք կարողանում պատասխանել, որը կարևորագույն քաղաքական հարցն է»։
Մարուքյանն ասաց, որ ուշադիր լսում էր վարչապետի ելույթը, որը, ըստ պատգամավորի՝ անհավես, անէմոցիա ելույթ էր. «Դուք որ նոր էիք եկել, այդպիսին չէիք, փոխվել եք։ Հիմա իրողություններն եք արձանագրում, ես ինձ մոտ նշել եմ, ասում եք՝ սահմանը փակ է, 7 միլիոն հայ դրսում է ապրում, ծանր վիճակ է, մենք պատասխանատվություն ունենք միմյանց նկատմամբ, մշակույթը հզոր զենք է, և պետք է պոպուլիզմից հրաժարվել։ Ասեմ, որ երկրում ամենաշատը պոպուլիզմի համար ձեզ են քննադատում, պարոն վարչապետ։ Պետական պարտքին չանդրադարձաք, կառավարության առաջին ծրագիրն է, որտեղ համաչափ տարածքային զարգացման մասին խոսք չկա։ Դուք, այսօրվա դրությամբ՝ այնպես չեք արել, որ որևէ գյուղ չդատարկվի, բայց Երևանում «Երևան գյուղ» եք ուզում կառուցել։ Դա ի՞նչ է փոխելու Հայաստանում»։
Պատգամավորն ընդգծեց, որ չգիտի Կարապետյանի արտաքին քաղաքական տեսլականը. «Ծրագրում էլ չկար այդ տեսլականը։ Եթե պատրաստվում եք 2018թ. լինել ՀՀ վարչապետը, որն ըստ էության ՀՀ արտաքին քաղաքականությամբ էլ պետք է զբաղվի, նաև այդ կոնտեքստում է կարևոր հասկանալու համար, թե դուք ինչ տեսլական ունեք։ Ես ձեր բոլոր այցերը նայել եմ, և, եթե դուք բարձր տեխնոլոգիաների մասին եք խոսում, այդ գիտությունը որտե՞ղ է՝ Արևմուտքում։ Մի արևմտյան այց չի կազմակերպվել ձեզ համար։ Ինձ համար մի կարևոր հարց կա՝ չի՞ ստացվել, թե՞ չեք էլ ուզել նման այց կազմակերպել և բավարարվել եք՝ Թուրքմենստան, Ղրղըզստան, Բելառուս և Մոսկվա այցելություններ կատարելով։ Դա շատ մտահոգիչ է»։
Մարուքյանն ասաց, որ այս ընթացքում վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տեսել են շատ ապաքաղաքական մոտեցումներ. «Եթե դուք մի հատ ԱԺ խմբակցության հետ չեք կարողանում հանդիպում կազմակերպել, ինչի՞ մասին է խոսքը։ Խորհրդարանական երկրում վարչապետն ասում է՝ ժամանակ չունեմ, որ գամ՝ ծրագիրը ներկայացնեմ։ Դուք պետք է մի 3 օր չգնայիք էս շենքից, բոլորի հետ հանդիպեիք ու խոսեիք։ Սա՝ այն դեպքում, երբ անցած գումարման խորհրդարանում ես ձեզ այս հարցը տվել եմ, իսկ դուք ասացիք, թե՝ այս անգամ այսպես ստացվեց, մյուս անգամ կլինի։ Մյուս անգամն էլ չեղավ, ու ես կարծում եմ՝ մյուս անգամ նման շանս էլ չեք ունենա»։