«Թրամփի վարչակազմը լկտիություն չի հանդուրժում և միանգամից հակահարված է տալիս». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ամերիկյան ինստիտուտները ցույց տվեցին իրենց ողջ հզորությունը և այս կես տարվա ընթացքում զգալի չափով նեյտրալիզացրին այն բոլոր բացասական կողմերը, որոնք կարող էր դրսևորել նոր վարչակազմը։ Նրա խոսքով՝ տեսնում ենք սկանդալներ, նորանշանակ պաշտոնյաների հրաժարականներ, հասարակական ճնշումներ, մամուլի ճնշումներ, որոնք էլ ստիպում են իշխանությանը ծառայել ընդհանուրի և պետության շահին։

«Թրամփի վարչակազմն Օբամայի վարչակազմից տարբերվում է նրանով, որ լկտիություն չի հանդուրժում և միանգամից հակահարված է տալիս։ Դրա օրինակը տեսանք Սիրիայում, Աֆղանստանում, երբ գերծանր ռումբը գցեցին այնտեղ, և մենք տեսանք, որ Ասադի ինքնաթիռը եկավ և ռումբ գցեց քրդերի վրա, ԱՄՆ-ն էլ տեղում պատասխանեց, գցեց այդ օդանավը՝ ռուսներին նախապես զգուշացնելով։ Սա ցույց է տալիս, որ բռնապետները պետք է շատ զգույշ լինեն, որն էլ բխում է Հայաստանի շահերից»,- նկատեց փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը դարձել է չափազանց զգուշավոր։ Ռուսաստանի ուժայիններն իրենց երկրի սահմանից դուրս այդպես «լկտի» չեն պահում իրենց, ինչպես պահում էին Օբամայի ժամանակ։

«Դրանից նաև որոշակի հետևություններ է անում Ադրբեջանը։ Չմոռանանք Թիլերսոնի ասածը, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պայքարելու են  բոլոր այն ուժերի դեմ, որոնք ապակայունացնում են իրենց տարածաշրջանները։ Սա շատ հեռուն գնացող հայտարարություն է, որով առաջնորդվելու  ԱՄՆ-ը բոլոր տարածաշրջաններում։

Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը իր առաջատար դիրքում է, ավելին՝ ամրապնդում է իր դաշինքներն իր դաշնակիցների հետ՝ նաև նրանց վրա պատասխանատվություն դնելով։ Դրա մասին է խոսում նաև այն կոշտությունը, որով ԱՄՆ-ի նախագահը և իր վարչակազմը հանդես են գալիս  ԵՄ-ի հետ իր դաշնակիցների հարաբերություններում ՝ ստիպելով նրանց կատարել իրենց ռազմական ծախսերի պարտավորությունները 2 տոկոսի չափով»,- նշեց պարոն Մեհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցող այս փոփոխությունները բխում են Հայաստանի շահերից, որովհետև հայկական երկու կողմերն ամենևին էլ շահագրգռված չեն պատերազմով, նրանք պատերազմ հրահրողներ չեն. «Մենք ավելի շատ հետաքրքրված ենք այն պատերազմ հրահրողներով, որոնք սահմանակից են մեզ կամ չակերտավոր բարեկամ են, և այդ ամենի զսպումն ուղղակիորեն բխում է մեր անվտանգության շահերից»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի մոտեցումները Ղարաբաղյան հարցի վերաբերյալ չեն փոխվել, բայց դա չի նշանակում, որ չեն էլ փոխվելու, որովհետև դա ընդամենը վեցամսյա վարչակազմ է, որտեղ առջևում դեռ փոփոխություններ ու վերադասավորումներ կան։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս