«Կառավարությունը սուբսիդավորում է իրեն մոտ կանգնած բիզնեսը». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ եղած հակակարկտային կայանները չեն պաշտպանում բերքը կարկուտից։ «Նույնիսկ ԱԻՆ-ը դրանց արդյունավետությունը գնահատել է ընդամենը 10%: Այսօր, պարոն վարչապետ, Դուք ասացիք, որ 12 մլն դոլար ներդրում է արվելու այդ կայանները վերազինելու համար։ Ես կարծում եմ, որ դա օգուտ չի տա, որովհետև բերքը փչանում է ոչ միայն կարկուտից, այլ նաև ցրտից»։

Պատգամավորը նկատեց՝ քանի որ այդ կայաններն արդյունքում օգուտ չեն տալիս, հաջորդիվ կառավարությունը որոշում է օգնել գյուղացուն, բայց նրա խոսքով՝ ոչ թե փորձում է հնարավորինս շուտ ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտ, այլ սուբսիդավորում է դիզելային վառելիքը և պարարտանյութերը.

«Այստեղ ամենահետաքրքիրն է. օրինակ՝ իմանում ենք, որ կա «Մասիսի բերրիություն» ընկերություն, որը, ըստ լուրերի՝ կապված է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատի հետ, և որը 4 տարի շարունակ առանց մրցույթի Գյուղնախարարության կողմից ստացել է պարարտանյութ ներկրելու պատվեր։

Ի դեպ, պետությունը 1.5 մլրդ դրամ կխնայեր, եթե մրցույթ հայտարարվեր։ Սա էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եզրակացությունն է։ Կամ, օրինակ, իմանում ենք, որ կա «Մաքսհուր» ընկերությունը, որը վառելիքի խոշոր ներկրող է և որը ղեկավարում է ՀՀԿ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի եղբայր Արմեն Փամբուկյանը։ Այս տարի արդեն «Մաքսհուր» ընկերությունը պետության կողմից ստացել է 170 մլն դրամ՝ վառելիք ներկրելու համար»։

Նազարյանը նկատեց՝ ակնհայտ է, որ սուբսիդիաներից օգուտ ստանում է միայն բիզնեսը, այն էլ՝ ոչ պատահական բիզնեսը. «Գյուղացին դրանից օգուտ չի ստանում։ Դրա համար պետք է ժամ առաջ ներդնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգ, իսկ կառավարության ծրագրում ասվում է, որ այն հետագայում կներդրվի։ Դա վկայում է այն մասին, որ այս կառավարությունը ևս նպատակադրված չէ խնդրին համակարգային լուծում տալ, բայց դեմ չէ սուբսիդավորել իրենց մոտ կանգնած բիզնեսը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930