«Ահաբեկչի ինքնությունը պարզված է». Բրյուսելի կայարանում սպանված ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի Ուսամա Ժ-ն էր
Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ: Ինչպես հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ահաբեկչի ինքնությունը պարզված է: Նրան կոչում են Ուսամա Ժ.: Նա ծնվել է 1981 թվականին եւ բնակվում է Մոլենբեկ կոմունայում»,-հայտնել է դատախազությունը: «Նա գործել է մենակ եւ մահապարտի գոտի չի ունեցել»,-հավելել է դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով ահաբեկիչը ռումբը գործի է դրել անվավոր պայուսակում, բայց այն չի գործել: Նա հայտնի էր ոստիկանությանը, բայց ոչ ահաբեկչության հետ կապված գործերով: «Հանցագործը, անտարակույս, ցանկանում էր ավելի մեծ վնաս հասցնել»,-նշել է դատախազության ներկայացուցիչը: «Զինվորականները արագ են հակազդել եւ հաջողությամբ չեզոքացրել ահաբեկչին»,-ասել է նա:
Դատախազությունը նաեւ հաստատել է խուզարկությունների անցկացումը Մոլենբեկում ահաբեկչի բնակարանում:
Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 20-ին Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ: Անհայտ մեկը, «Ալլահ Աքբար» գոչելով, գործի է դրել պայթուցիկ սարքը: Այն շատ փոքր հզորության Է եղել, բայց միջադեպի վայրը ծածկվել է ծխով: Հանցագործը փորձելէ փախչել, բայց գնդակահարվել է զինվորական պարեկախմբի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: