Բեքչյանը ժամանել է Ստամբուլ. Աթեշյանը չի մասնակցել պատրիարքարանում գումարված Կրոնական ժողովին
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ: Աթաթուրքի օդանավակայանում Բեքչյանին դիմավորել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու մի խումբ այլ անձինք: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Շուրջ երեք ամսվա ընդհատումից հետո հունիսի 21-ի առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Բեքչյանը: Ժողովի օրակարգում պատրիարքի ընտրության ու Նախաձեռնող մարմին ձևավորելու մասին հարցերն էին:
Ուշագրավ է, որ Կրոնական ժողովի նիստին ներկա չի եղել փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Բեքչյանը «Ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ առաջիկա օրերին ամբողջությամբ ներգրավվելու է պատրիարքի ընտրության կազմակերպման աշխատանքներին:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:
Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ: