«Հստակ ձևակերպել ենք՝ մեր բանակն ինչպիսին պետք է լինի». Կարեն Կարապետյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց ռազմաարդյունաբերության զարգացման, զինվորի կենցաղի բարելավմանն ուղղված քայլերի մասին։ Նաև ներդրումների, ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր ուղղեց։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ պաշտպանության հետ կապված հստակ ձևակերպել են՝ բոլոր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր ունենք. «Ունենալով այդ մարտահրավերները՝ հստակ ձևակերպել ենք՝ մեր բանակն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի սպա պետք է լինի, ինչպես կրթվի։ Տնտեսական ոլորտում՝ բարելավել գործարար միջավայրը. ես երկիր չգիտեմ, որ դրա վրա չի աշխատում՝ անկախ նրանից, թե նրանք ինչ ճանապարհ են անցել։

Մեր խնդիրներն այստեղ բազմաթիվ են, և կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել՝ լիցենզիայի տրամադրում, ընկերությունների ռեգիստրացիա, գնումների թափանցիկ կատարում, դատական համակարգերի բարելավում, հարկային վարչարարության միջամտություն, ադմինիստրատիվ լոբբինգի խնդիր, և այլն։ Այս բոլոր ոլորտներում հստակ ձևակերպել ենք՝ ինչ ենք ուզում անել, ոնց ենք ուզում ստվերը վերացնել։ Սոցիալական բարեփոխումների հիմնական թեզն այն է, որ հասցեագրված տանք այն մարդուն, որը դրա կարիքն ունի»։

Վարչապետը նշեց, որ սոցիալական տարբեր խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ժամանակ բազմաթիվ հետաքրքիր փաստեր են հայտնաբերել. «Այնտեղ մարդիկ կան, որ ամսական պայմանական 800 խմ գազ են սպառում, երբ տարեկան միջին սպառումը միջին ընտանիքի համար 1000 խմ է։ Սոցիալական թվայնացումը բերել է նրան, որ այդ բազաների համատեղումը, գազի, կիլովատտի, սեփականության, վարկի և այլն, նեղացվելու են՝ այդ ցանկի մեջ պատահական մարդ ընկնելու առումով»։

Արտաքին քաղաքականության հետ կապված՝ վարչապետն ասաց, որ փիլիսոփայությունը հետևյալն է. «Ձևակերպենք՝ ինչպես ենք մենք մեր դաշնակից, գործընկեր և բարեկամ երկրների հետ կառուցում մեր հարաբերությունները, ինչպես ենք կառուցում մեր հարաբերությունները ոչ բարեկամների հետ և ինչպես ենք մեր դիվանագիտությունն ավելի ճկուն ուղղում դեպի այն երկրները, որոնք չեն կողմնորոշվել, և որոնց շնորհիվ մենք կարող ենք մեր բարեկամ երկրների քանակը մեծացնել։ Ասիայի վերաբերյալ ծրագրում գրել ենք, որովհետև այնտեղի նկատմամբ հետաքրքրություններ ունենք, ասիական բանկերի հետ զարգացում ունենք»։

Վահե Էնֆիաջյանը նկատեց. «Դուք չե՞ք գտնում, որ ՀՀ-ում բանկային քաղաքականությունը՝ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ այն պայմաններով, որով տրվում են վարկերը, տանում են ձախողման։ Գյուղատնտեսության զարգացման համար նույն միջազգային կազմակերպություններով Հայաստան են մուտք գործում բավականին մատչելի վարկեր, բայց գյուղացուն տրվում է այն պայմաններով, որ նա չի կարողանում իր տնտեսությունը զարգացնել»։

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ վարչապետն ասաց, որ այս տարի 7 մլն դրամ 3-5 տոկոսով են տրամադրում. «Ես նաև նշեցի, թե սուբսիդավորման ժամանակ որ բեռն ենք մեզ վրա վերցնելու։ Եվ բավականին լուրջ փաթեթ է լինելու գյուղատնտեսության ոլորտի համար»։

Տեսանյութեր

Լրահոս