Ադրբեջանցի օգտատերերը հերքում են իրենց ՊՆ-ի սուտը. ՀՀ-ում անհետ կորած քաղաքացու վերաբերյալ հաղորդում չկա
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքում են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ:
ՀՀ ոստիկանությունում Տավուշի մարզից ՀՀ քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ ոչ մի հաղորդում չի ստացվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մենք ոչ մի հաղորդում չենք ստացել քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ, սահմանը հատելու հետ կապված մենք ոչինչ չենք կարող ասել»,- տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Ուշագրավ է, որ ադրբեջանցի մյուս օգտատերերը, արձագանքելով Մասիմովի գրառմանը, ծաղրել են՝ ասելով, որ սահմանախախտին կտանեն Բաքու, ապա կսկսեն հովվին ներկայացնել իբրև հայտնի հայ քաղաքագետ կամ լրագրող՝ ակնարկելով իրենց իշխանությունների հերթական կեղծիքի արդյունքում ստեղծված այսպես կոչված խաղաղության պլատֆորմը: Մյուսներն արձանագրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում գյուղերի միջև հեռավորությունը 5-6 կմ է և հեշտ է մոլորվելը: Օգտատերերից մեկն էլ կոչ է արել տեղեկությունը հրապարակող անձին հետևել Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին ու դրան հակառակ տեղեկատվություն չհրապարակել:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հայտարարել է, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- նշել է Հովհաննիսյանը: