«Սվիտալսկու հայտարարության հիմքեը չունեմ, որ հիմա գնահատական տամ». Գևորգ Կոստանյան
«Ընդհանրապես, որևէ պետական անկախ մարմնի անկախության, ինքնուրույնության և արժանահավատության խնդիրը երկու ձևով է լուծվում, առաջին` ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն` օրենքով ստեղծվում են այնպիսի երաշխիքներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անկախությունը, անաչառությոնը և գործունեության ազատությունը, ինչն իր հերթին մեխանիկորեն հանգեցնում է արժանահավատության: Երկրորդ կարևոր հնարավորությունը` արդեն այնպիսի սուբյեկտներին, որոնք ինքնին են արժանահավատություն ներշնչում, այսինքն` սուբյեկտներն ինքնին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները:
Ըստ նրա` մեր երկրում ԿԸՀ կազմավորման կարգը, մեր օրենսդրության դրույթները ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն ապահովում են. «Եթե դա հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, ես դրա հիմքերը չունեմ: Սվիտալսկու հայտարարության հիմքերն էլ չունեմ, որ հիմա գնահատական տամ»:
Գ. Կոստանյանի խոսքով` Պ.Սվիտալսկին դիտողություն չի արել, կարծիք է հայտնել, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ բազմաթիվ քննարկումեներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա պետք չէ: