Ավագ դպրոցներն իրենց գործառույթը չեն կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12–րդ դասարանցիների ավելի քան 60%–ը պարապում է կրկնուսույցների մոտ։

…2016 թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքում կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների թիվն ավելի շատ է, քան թե մարզերում: Երեւանում այն կազմում է 56,2%, իսկ մարզերում` 38,3%։

Ըստ հետազոտության` 11–րդ դասարանի 31 աշակերտներից 15–ը եւ 12–րդ դասարանի 27 աշակերտներից 14–ը մասնակցում են վճարովի պարապմունքների: Միջինում պարապմունքները լինում են շաբաթական 3 անգամ եւ աշակերտները վճարովի պարապմունքների են հաճախում մոտ 11 ամիս, ավելի ստույգ` 10,8 ամիս:

Յուրաքանչյուր առարկայի համար ամսական միջինում վճարվում է 12 հազար 200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների առարկաների ամսական վարձավճարների միջին չափը ավելի մեծ թիվ է կազմում` մոտ 16 հազար 600 դրամ: Առաջինից–չորրորդ դասարանների աշակերտների ծնողները իրենց երեխաների ուսման համար լրացուցիչ վճարում են մոտ 9000 դրամ:

Ըստ հետազոտության հեղինակների՝ աշակերտներին առաջարկվող վճարովի պարապմունքներն ինքնին բացասական կամ դատապարտելի երեւույթ կամ անբարեխիղճ վարքագիծ չեն կարող համարվել, քանի որ այս պրակտիկան առկա է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ օրինաչափ է համարվում: Սակայն վճարովի պարապմունքները կարող են առավել խնդրահարույց լինել շահերի բախման եւ կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից:

Նախեւառաջ վճարովի պարապմունքների բացասական հետեւանքներից մեկն այն է, որ աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը եւ «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս