«Մենք ցանկացած դիտողության ու քննադատության ականջալուր ենք». Վահրամ Բաղդասարյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարությունների մասին
«Ընտական համակարգի բարելավման, ժողովրդավարություն ապահովելու համար օգնություն տալը չի նշանակում, որ պետք է այդ օգնությունը շահարկել, մեր քաղաքական հարցերին միջամտություններ անել: Մենք որևէ անգամ չենք ասում, որ ամեն ինչ կատարյալ է, մենք աշխատում ենք, որ ավելի իդեալական դարձնենք գործընթացը: Հաջորդ ընտրությունների ժամանակ մենք այդ դիտողությունները հաշվի կառնենք: Համենայն դեպս, չնկատել այս ընտրական պրոցեսի աճը նախորդների համեմատ, ես դա չեմ պատկերացնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը, որ եթե Հայաստանի կառավարությունը չի ուզում, ԵՄ-ն չի պարտադրում իր աջակցությունը:
Վ.Բաղդասարյանի կարծիքով` այս հայտարարությունները չեն ազդի Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Ըստ նրա` հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ հնչեցնել ԿԸՀ գործառույթների հետ կապված, ինչը ոչ մի կերպ չէր կարող անդրադառնալլ ընտրական գործընթացի վրա:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ Սվիտալսկու տոնայությունից կարելի է ընկալել, որ ցանկություն կա մեր ներքին գործերին միջամտել. «Մենք կցանկանանք, որ մեր միջազգային գործընկերները դիտարկումներ անեն, նաև անեն իրենց դիտողություները, իրենց անհանգստությունները, մենք քննարկենք ու գնանք առաջ: Մենք ցանկացած դիտողության ու քննադատության ականջալուր ենք և դա նկատի ենք ունենում»: