19-ամյա սիրիացի աղջիկը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի առաջին փախստական-դեսպանը
19-ամյա սիրիացի ակտիվիստուհի Մուզուն Ալմելեխանը դարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը, ինչպես նաեւ այդ պաշտոնում նշանակված աշխարհում առաջին մարդը՝ փախստականի կարգավիճակով: Այդ մասին հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները:
«Մուզունի արիության եւ ոգու ուժի պատմությունը ոգեշնչում է մեզ բոլորիս: Մենք շատ ենք հպարտանում, որ այժմ նա լինելու է ՅՈւՆԻՍԵՖ-ի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի երեխաների դեսպանը»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը:
Իր հերթին Ալմելեխանն ասել է, որ հպարտանում է ՄԱԿ-ի հետ աշխատանքով հանուն այն բանի, որ օգնի հակամարտություններում տուժած երեխաներին, նրանց համար հասնի կրթություն ստանալու հնարավորության:
2013 թվականին Ալմելեխանն ընտանիքի հետ միասին Սիրիայից փախել էր Հորդանան, որտեղ մի քանի տարի ապրել է Զաաթարիի փախստականների ճամբարում: Այնտեղ ակտիվիստուհին սկսել է հանդես գալ ի պաշտպանություն աղջիկների համար կրթության իրավունքի:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն աջակցում էր Հորդանանում հաստատված սիրիացի ակտիվիստուհուն, ավելի ուշ նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ շարունակել Է իր գործունեությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: