
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հետաձգել է քվեարկությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր միակողմանի պատժամիջոցների մասին օրինագիծն ուսումնասիրման են ուղարկել արտաքին գործերի կոմիտե, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Ավելի վաղ օրինագիծն ընդունվել է ամերիկյան Սենատի կողմից:
Դա դժգոհություն է առաջացրել մի խումբ կոնգրեսականների, այդ թվում՝ հանրապետականների շարքերում: Մասնավորապես, արտաքին գործերի կոմիտեում դեմոկրատների ներկայացուցիչ Էլիոթ Էնգելն այն կարծիքին է, որ քվեարկության հետաձգումը կարող է նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա թիմին հնարավորություն տալ «թուլացնելու օրինագիծը»: «Հանրապետականնների ղեկավարությունը պարտավոր է անհապաղ քննարկել օրինագիծը, որպեսզի Ներկայացուցիչների պալատը քվեարկի դրա օգտին եւ այն ստորագրելու ուղարկի նախագահին»,- ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ հառակ դեպքում «Սպիտակ տունը ժամանակ կունենա թուլացնելու այն հանգուցային միջոցառումները, որոնք կոչված են պատասխանատվության ենթարկելու Կրեմլին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: