«Ոչնչացնել Բաքուն ու գրավել Շամախին». Վովա Վարդանովը` հայկական կողմի պատասխանի մասին
«Թուրքը գնդակը ձեռքն է, երբ ուզում՝ գոլ է խփում: Մենք դիվանագիտություն ենք անում նույնիսկ մեր թշնամիների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը` խոսելով այս երկու օրերին ադրբեջանական հարձակումների և 4 հայ զինվորների զոհվելու մասին:
Ադրբեջանական ագրեսիվությունը, ըստ նրա, պայմանավորված չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցով. «Իրենք միշտ անտարբեր են դրանց այցերի նկատմամբ, մենք, չգիտես ինչու, միշտ կարևորություն ենք տալիս»:
Վ.Վարդանովի կարծիքով` հայկական կողմի գործողությունները պետք է լինեն Բաքուն ոչնչացնելն ու Շամախին, որ Ռուսաստանի սահմանին մոտ է, գրավելը. «Դա մեր պատասխան գործողությունները պետք է լինեն: Ո՞նց թե, մեր երեխեքին խփում են»:
Հարցին հայկական կողմը կգնա՞ դրան, հրամանատարը պատասխանեց. «Ես կգնայի»:
Նա չբացառեց, որ հակառակորդը թիրախավորել է հենց այն վայրը, ուր երեկ այցելել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, բայց նաև նշեց, որ դա կարող է զուգադիպություն լինել. «Որտեղ հարմար է՝ այնտեղ են խփում»:
«Պետք է պարապել, մարզվել, պատրաստվել գրոհելու: Մնացած ամեն ինչն անհեթեթություն է: Դիվանագիտությունը պետք է սպասարկի պատերազմը ներկա պահին, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն է»,- հավելեց Վ.Վարդանովը: