Սերժ Սարգսյանն այցելել է «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր:
Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Սոֆտկոնստրակտ»-ի նորաբաց գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին:
Նախագահին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող 2-րդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը: Նախագահ Սարգսյանը այցի ընթացքում ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 2203 աշխատակից և 2017 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «Պիկսարտ» ընկերության գրասենյակ, որը գործունեություն է ծավալում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում և Երևանում:
Ընկերության համահիմնադիրների և ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել «Պիկսարտ» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ ծանոթացել հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին, որոնցից «Պիկսարտ»-ում կարևորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը:
Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն կխթանի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։