 
                        Թրամփը հաստատել է, որ հետաքննության տակ է Քոմիին պաշտոնանկ անելու համար
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար: Այս մասին գրում է AP-ն՝ հղում կատարելով Սպիտակ Տան իր աղբյուրներին:
Աղբյուրը հայտնել է, որ հետաքննության տակ լինելու մասին Թրամփն իմացել է հեռուստատեսային հաղորդումից, ինչից հետո այնքան է զայրացել, որ բղավել է հեռուստացույցի ուղղությամբ: Ըստ նույն աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ իր դեմ դավադրություն է մշակվել՝ նպատակ ունենալով իրավիճակը հասցնել իմպիչմենտի: Նա դավադրության մեջ մեղադրում է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնին և հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլլերին:
«Ես հետաքննվում եմ մի մարդու կողմից, ով ինձ խորհուրդ է տվել պաշտոնանկ անել Ջեյմս Քոմիին: Սա վհուկների որս է»,- Թվիթերում գրել է Թրամփը՝ ի նկատի ունենալով Ռոզենստայնին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        