Բաժիններ՝

Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը քրեական հետապնդման մարմիններից միայն դատախազին է իրավունք վերապահում վերաքննիչ բողոք բերելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման դեմ:

Այն դեպքում, երբ միջնորդությունը դատարան է ներկայացրել քննիչը, կայացված որոշման մասին դատախազին իրազեկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում, որի արդյունքում, իրավակիրառ պրակտիկայում իրավիճակին տրված մեկնաբանության պայմաններում, դատախազը՝ որպես քրեական հետապնդման մարմին, զրկված է լինում միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու իր բացառիկ լիազորությունն իրացնելու իրավական հնարավորությունից:

Բացի այդ, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազին իրավունք է վերապահում հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը, մինչդեռ նույն օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին քննիչի կողմից դատախազին իրազեկելու պարտականություն:

Օրենսդրական բացը լրացնելու՝ դատախազի լիազորության իրականացման իրավական անհնարինության վերացման նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան բերվել է համապատասխան բողոք, որը վարույթ չի ընդունվել:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, այն հիմնավորմամբ, որ դրանք չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին: Նշված որոշումների՝ դատախազի կողմից քննիչից ստանալը կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչի հայեցողությունից, և բողոքարկման նման մեխանիզմը լիրաժեքորեն չի կարող ապահովել դատախազի կողմից ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչի միջոցով հնարավոր կլինի տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձևավորելու շրջանակներում: ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրացմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների արդյունավետ իրացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որ՝

• քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին պետք է իրազեկի հսկող դատախազին,
• կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս