Անուշ Սեդրակյանին մտահոգել էր «National interest» ամսագրում լույս տեսած հետազոտական աշխատանքը

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, խոսելով Ադրբեջանի կողմից արված վերջին հայտարարությունների, ինչպես նաև՝ Նախիջևանի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է ակտիվ և ճիշտ աշխատել եվրոպական կառույցների և միջազգային մամուլի հետ։

Անուշ Սեդրակյանին մտահոգել էր National interest ամսագրում լույս տեսած մի հետազոտական աշխատանք, որի հեղինակն ադրբեջանցի էր։ Ըստ նրա՝ հոդվածի հեղինակը գտնվում էր այդ միջազգային տարածքների աշխատանքային տիրույթում և տառացիորեն ղարաբաղյան կոնֆլիկտը ներկայացրել էր՝ իբրև ռուսական պետության «կոնֆլիկտոլոգիայի մաս», ներկայացրել էր, որ դա Ադրբեջանի շահերի ոտնահարումն է Ռուսաստանի աջակցությամբ։

«Մենք շատ լավ գիտենք, որ իրականությունն ուրիշ կողմ է տանում, և, եթե մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, դա ընդամենը բիզնես գործարք է, ապա պետք է հասկանանք, որ ամեն ինչ կախված է Հայաստանի ներքին իրավիճակից»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Բանախոսի կարծիքով՝ մեր երկրի ներսում իսկապես լուրջ խնդիրներ կան, բայց միայն մտածում ենք իշխանական լծակների բռնազավթման և պահպանման մասին: Նրա խոսքով՝ այսօր Արցախն այն գինը չէ, որ կարելի է տալ իշխանության պահպանման համար: «Պետությունը և Ղարաբաղի անկախությունը, բարեկեցությունը Հայաստանի համար առաջնային են ոչ միայն՝ այն առումով, որ դա հայրենասիրական կոնցեպտ է, այլև այն հարցն է, որ մեզ պահում է միջազգային քննարկման ուղեծրում»:

Անուշ Սեդրակյանի խոսքով՝ կարևոր է, որ կարողանանք դիվանագիտական բանակցությունները կիսափակել, այսինքն՝ ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս