Շարմազանովի պատասխանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ավելի արդարացի կլիներ, եթե Պյոտր Սվիտալսկին մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները և տեղաշարժերը, որ եղել են և կան Հայաստանի ընտրական համակարգում:
«Ավելի արդարացի կլիներ, որ նա մատնանշեր այն դրական միտումները, որ կան Հայաստանի ժողովրդավարացման զարգացման գործում, որն արվել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ, այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատական հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ճիշտ կլիներ, ԵՄ դեսպանը տար ամբողջական գնահատական, որում տեղ կգտնեին այն դրական բարեփոխումները,որոնք տեղի են ունեցել Հայաստանի ընտրական համակարգում նաև Եվրամիության գործընկերների աջակցությամբ:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ՀՀ ԿԸՀ կազմը պետք է փոխվի, իսկ դրանում ներգրավված պետք է լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: