Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը կոչ է արել արաբական երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին կոչ է արել արաբական երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Եգիպտոսի նախագահը, մասնավորապես, ցանկություն է հայտնել, որ քանի դեռ պաշտոնական Անկարան հայտարարում է Կատարին օգնելու մասին, Ծոցի երկրները շրջափակման մեջ ներառեն նաև Թուրքիային:

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիսին այս առաջարկն արել է նաև Բահրեյնի թագավորի հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս