«Նույնիսկ պարկեշտ բիզնեսմենը, որն այսօր պատգամավոր է, արդեն կոռուպցիոներ է». Հովհաննես Իգիթյան

ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վտանգավոր և վնասակար է համարում համայնքների խոշորացումը, քանի որ ըստ նրա՝ դա կվերացնի գյուղի ինքնությունը։

«Գյուղն իր ինքնությունը պահում է նաև տեղական ինքնակառավարմամբ, որը Հայաստանում վերացվում է։ Կառավարությունը պատճառաբանում է, թե գյուղերում բնակչության քանակը չի համապատասխանում նրան, որ գյուղը պետք է ունենա իր կենտրոնը, բայց եթե դա համարվում է խնդիր, ապա գյուղապետարանի բացակայությունն այդ խնդիրը ոչ միայն չի լուծի, այլև կխորացնի»,- պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և Ազդարարների ինստիտուտի ներդրման մասին օրենքի նախագծին, նա հետևյալն ասաց.

«Կոռուպցիայի դեմ պայքարը կապում են ինչ-որ տեղեկությունների հետ, որոնք պետք է իրենց հայտնեն մարդի՞կ։ Սովետական Միությունում դա բացասական երևույթ էր, բայց մտածենք պրոբլեմի մասին, թե ինչ է նշանակում՝ կոռուպցիան Հայաստանում։ Ո՞վ չգիտի՝ Հայաստանում ով է զբաղվում կոռուպցիայով, և ինչ է նշանակում՝ հայկական կոռուպցիա։ Դա այն է, երբ մարդն օգտագործում է իր կապերը կամ շահագրգռում է իշխանություններին՝ օրինական կամ անօրինական գործողություններ կատարելու համար։ Մեր ընտրական համակարգը հենց թելադրում է կոռուպցիա»։

Կարդացեք նաև

Ըստ Իգիթյանի՝ առևտրով հարստացած մարդիկ անցել են խորհրդարան. «Այսինքն՝ իրենց օգտագործել են՝ խորհրդարան անցնելու ու այլ մարդկանց անցկացնելու համար։ Հիմա արդեն խորհրդարանում այն մարդիկ, որոնք քննարկում են այդ հարցը, գիտեն, թե ինչ  է նշանակում՝ Սահմանադրության խախտում։ Նույնիսկ պարկեշտ բիզնեսմենը, որն այսօր պատգամավոր է, արդեն կոռուպցիոներ է, որովհետև ինքն արդեն խախտել է Սահմանադրությունը. օգտագործում է իր դիրքը՝ թեկուզ պատշաճ ձևով իր բիզնեսն առաջ տանելու համար։ Էլ չեմ ասում այն մարդկանց, որոնք հայտարարում են, թե գումար չունեն, բիզնեսով չեն զբաղվում, բայց ՀՀ բնակչությունը գիտի՝ նրանք ովքեր են ու ինչպես են հարստացել։

Հիմա այստեղ ազդարարի ինստիտուտ ունենալն ինչի՞ համար է, Հայաստանում ամեն ինչ պարզ է, և այս մարդիկ այսօր ՀՀ քաղաքականությունն են առաջ տանում. այն մարդիկ, որոնց դեմ ուղղված է այս պայքարն ու այս օրենքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս