Բաժիններ՝

«Իմ մտքերն ու աղոթքներն այն ընտանիքների հետ են». Եղիսաբեթ Երկրորդը զորակցություն է հայտնել Լոնդոնում հրդեհից տուժածներին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զորակցություն է հայտնել Լոնդոնի արեւմտյան մասում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհի հետեւանքով տուժածներին: Այդ մասին ասված է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Իմ մտքերն ու աղոթքներն այն ընտանիքների հետ են, որոնք իրենց մերձավորներին կորցրել են Grenfell Tower շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, եւ այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք օրհասական վիճակում դեռեւս գտնվում են հիվանդանոցներում»,-ասել է բրիտանացի միապետը:

«Արքայազն Ֆիլիպը (թագուհու ամուսինը) եւ ես կցանկանայինք պատշաճը մատուցել հրշեջների եւ մյուս արտակարգ ծառայությունների աշխատակիցների արիությանը, որոնք իրենց կյանքը վտանգում էին մարդկանց փրկելու համար:

Նաեւ ուրախալի էր տեսնել տեղի կամավորների անհավանական մեծահոգությունը, որոնք միավորվել էին՝ օգնելու նրանց, ովքեր տուժել են այդ ահավոր պատահարից»,-հավելել է Եղիսաբեթ Երկրորդը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում Լոնդոնի Գրենֆել-թաուեր բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհի հետեւանքով զոհվել է 12 մարդ, սակայն ոստիկանությունում հայտարարում են, որ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Հիվանդանոցներում են գտնվում 70-ից ավելի տուժածներ: Նրանցից 18-ն օրհասական վիճակում են:

Հրդեհը դեռեւս մինչեւ վերջ վերացված չէ, հրշեջները շարունակում են բռնկումները մարել շենքի տարբեր մասերում: Վերջին տվյալներով՝ փրկարարները հասել են 24-հարկանի շենքի վերին հարկ, սակայն նրանք դեռեւս հնարավորություն չեն ունեցել ստուգել բոլոր հարկաբաժինները՝ հրդեհից տուժածներին գտնելու համար:

Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանի Գրենֆել-թաուեր բազմահարկ շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի սկսվելու պահին շենքում կարող էր լինել մինչեւ 600 մարդ:

Հրդեհի պատճառը մնում է չպարզված: ԶԼՄ-ներում հայտնված վարկածների թվում են՝ էլեկտրահաղորդման գծի դեֆեկտը, գազի պայթյունը, սառնարանի բռնկումը բնակարաններից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս