«Դանակն արդեն ոսկորին է հասել, ասում ենք՝ բավական է». Թուրքիայի ընդդիմությունը սկսել է «արդարության երթը». այն կշարունակվի 28 օր
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»: Այն իրականացվում է ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Նախքան երթը Քըլըչդարօղլուն հայտարարություն է արել՝ ասելով, որ իրենց ցանկությունը խաղաղության մեջ ապրելն է:
«Մենք չենք ցանկանում, որ բանտերում լրագրողներ ու ուսուցիչներ լինեն: Չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարություն: Այս ամենը մեզ շատ է ցավեցնում, անհրաժեշտ է վերջ տալ այս ամենին: Եթե այս ամենի համար պետք է գին վճարել, ապա թող դա ես անեմ: Այժմ քայլում եմ, այս ամենը վերջ չի ունենա: Դանակն արդեն ոսկորին է հասել: Ասում ենք՝ բավական է: Մեր երկրում ժողովրդավարություն, ազատություն ենք ցանկանում: Մեր երթը կշարունակվի այնքան, քանի դեռ այս երկրում չի հաստատվել արդարություն»,- ասել է նա:
Քեմալական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ երթը քաղաքական կուսակցություն չի ճանաչում: «Թող ողջ աշխարհն իմանա՝ մենք մեր երկրում բռնապետական ռեժիմի դեմ դիմաց ենք»,- նշել է նա: Ցույցի մասնակիցները ձեռքում պահել են պաստառներ «արդարություն» գրառմամբ:
Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց սկսվող երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:
Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: