Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմությունն Անկարայից մինչև Ստամբուլ բողոքի երթ կիրականացնի

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հունիսի 15-ին քայլերթ կիրականացնեն Անկարայից մինչև Ստամբուլի Մալթեփե կալանավայր, որտեղ տարվել է պատգամավորը (Անկարայի և Ստամբուլի հեռավորությունը 352 կմ է, իսկ երկու քաղաքների միջև ավտոճանապարհը՝ 458 կմ):

Ի պատասխան հնչեցված նման հայտարարության՝ Անկարայի նահանգապետարանը հայտնել է, որ երթը պետք է անցկացվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Նահանգապետարանը նման որոշումը պայմանավորել է անվտանգության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս