ԱՄՆ-ի հատուկ դատախազը ստուգում է՝ Թրամփը խոչընդոտել է արդյոք արդարադատությանը. WP
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը, սկսել է նախագահի կողմից արդարադատության հավանական խոչընդոտման ստուգումը: Այս մասին հաղորդել է The Washington Post թերթը։
Մյուլլերը զրուցելու համար պայմանավորվել է Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Մայք Ռոջերսի եւ նրա նախկին տեղակալ Ռիչարդ Լեջերթի հետ: ԱԱԳ-ում թերթին հայտնել են, որ գերատեսչությունը պատրաստ է լիարժեքորեն համագործակցել հատուկ դատախազի հետ:
Արդարադատության խոչընդոտման հետաքննությունը, գրել է թերթը, սկսվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի հեռացումից մի քանի օր անց, որը հետաքննում էր Մոսկվայի հետ Թրամփի կապերին առնչվող մեղադրանքները: Ուժային գերատեսչության ղեկավարը նախագահին հավաստիացնում էր, որ նրա նկատմամբ հետաքննություն չի կատարվում, սակայն հեռացումից հետո իրադրությունը փոխվել է: