Ինչո՞ւ խանութներում Winston ծխախոտ չկա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատակիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:
Խոսակցություններ կան, որ «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ում, որն զբաղվում է այս տեսակի ծխախոտների ներմուծմամբ և վաճառքով, պառակտում կա, աշխատավարձերը միանգամից կրճատել են, ինչի արդյունքում բոլոր աշխատակիցները դիմում են գրել և ազատվել աշխատանքից: «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ից Armtimes.com-ին ասացին, որ խանութներից ծխախոտի բացակայության պատճառը առաքիչներն են, իսկ իրենց ընկերությունում խնդիրներ չկան: Անհասկանալի է, թե ինչպես են ընկերության առաքիչները ինքնագլուխ որոշել դադարեցնել բոլոր խանութներին ծխախոտի առաքումը:
Թեև ընկերության զանգերին պատասխանող աշխատակիցը պնդում էր, որ որևէ պառակտում չկա, Հայկ անունով ներկայացած առաքիչ-մենեջերն ասաց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: «Այո՛, հիմա մի քիչ խնդիրներ կան, ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ, բայց 2 օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, ծխախոտները նորից կառաքվեն»,-ասաց Հայկը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։