Պատգամավորներն արյուն են հանձնում
Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արյունատվության ակցիա կազմակերպեց Ազգային ժողովում: Ակցիայի ընթացքում արյուն հանձնեցին Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև միջոցառումը լուսաբանող մի խումբ լրագրողներ:
Լրագրողների հետ զրույցում Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում` նշելով, որ պատգամավորները միշտ ակտիվ մասնակցություն են ունենում արյունատվության տարբեր ակցիաների:
«Կան պատգամավորներ, ովքեր հաճախակի այցելում են արյունաբանական կենտրոն և կամավոր արյուն հանձնում: Այստեղ որևէ նշանակություն չունի, թե ով է արյուն հանձնում, նշանակություն չունի, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում: Այստեղ մենք գործ ունենք մարդու հետ, ով իր արյան մի մասը նվիրում է մեր հիվանդներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դաղբաշյանը:
Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ տարեկան շուրջ 15 հազար արյան դոնոր են ունենում, ինչը բավարար չէ: «Մենք պետք է ավելացնենք մեր դոնորների թիվը: Որպեսզի կարողանանք լիովին բավարարել մեր պահանջները, ազգաբնակչության շուրջ 2 տոկոսը պետք է արյան դոնոր լինի: Այսօր, իհարկե, մենք պահեստավորել ենք բավականին մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր, որոնք օգտագործում ենք արտակարգ իրավիճակների ժամանակ, այն պահերին, երբ իրավիճակը լարվում է սահմանին: Դուք գիտեք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ թվով մարդիկ եկան արյունաբանական կենտրոն և իրենց արյունը նվիրեցին մեր վիրավոր զինծառայողներին օգնելու համար:
Մեր պահեստներում կան արյան մեծ քանակությամբ բաղադրամասեր, սակայն պետք է շարունակենք աշխատել, նոր դոնորների ներգրավել, որպեսզի մեզ մոտ երբեք արյան պակաս չլինի: Այդ իսկ պատճառով մեր թիմը միշտ պատրաստ է գնալ այն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները պատրաստ կլինեն արյուն հանձնել, և նրանց նույնպես ներգրավել արյան դոնորների շարքում»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:
Ազգային ժողովում կազմակերպված միջոցառման ընթացքում արյուն հանձնեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ակտիվ մասնակցում է արյունատվության տարբեր միջոցառումների, հաճախ այցելում և արյուն է հանձնում նաև արյունաբանական կենտրոնում:
«Արյունատվության ակցիաներ պարբերաբար լինում են, սակայն ես գիտեմ մի քանի պատգամավորների, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ արյուն են հանձնում: Ես կարծում եմ, որ ընդհանրապես աշխարհում դոնորության ինստիտուտը շատ ճիշտ հիմքերի վրա է դրված: Դու երբեք չգիտես, թե քո հանձնած փոքր քանակությամբ արյունը ում կյանքը կարող է փրկել:
Միայն այն գիտակցությունը, որ քո արած մի փոքր քայլը կարող է մի մարդու կյանք փրկել, շատ մեծ մոտիվացիա է պարբերաբար արյուն հանձնելու համար: Ես հիշում եմ, որ մենք ապրիլյան պատերազմի օրերին ժամերով հերթ էինք կանգնել արյունաբանական կենտրոնի մոտ, որպեսզի կարողանանք արյուն հանձնել: Մենք պետք է կարողանանք մեր կենցաղում ձևավորել ավանդույթ, որ մի օր զարթնենք և օրը սկսենք արյուն հանձնելով՝ այն գիտակցումով, որ մեր արյունը կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկել»,- եզրափակեց պատգամավորը:
Արյունատվության ակցիային մասնակցեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ նկատեց, որ ինքը օրենքի համահեղինակներից է, որը կանոնակարգում է արյան դոնորությունը: «Այդ օրենքը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում ավելի կանոնակարգել արյունատվության գործընթացը: Դուք լավ գիտեք, որ դա բոլոր երկրներում կանոնակարգվում է: Մենք դեռ բավականին անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք Հայաստանում ընդլայնել և ամրապնդել անհատույց արյան դոնորության գործընթացը»,-ասաց նա:
Նա հավելեց, որ թե պատգամավորները, թե ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիներն են, ուստի շատ լավ մոտեցում է, որ նրանք կարողանան օրինակ ծառայել մյուս քաղաքացիների համար: «Ովքեր ընդունել են արյան դոնորության օրենքը, արյուն հանձնելու օրինակ են ցույց տալիս մեր երկրի քաղաքացիներին»,- նշեց Արա Բաբլոյանը:
Արյունատվության ակցիային մասնակցեցին նաև պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Մարգարիտ Եսայանը, Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը և այլք:
Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն արյունաբանական կենտրոնի պատվոգրերով և դոնորի կրծքանշանով պարգևատրեց արյունատվության ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող պատգամավորներին` Մարգարիտ Եսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Հրայր Թովմասյանին, Կարեն Ավագյանին: