Փարիզի համաձայնագրից հրաժարումը կհանգեցնի 250 մլն կլիմայական փախստականների հայտնվելու. Յունկեր
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը չկատարելը կարող է հանգեցնել 250 մլն կլիմայական փախստականների հայտնվելու: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Վերջին տարիներին մենք բախվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների առավել զգալի ներհոսքին, բայց մենք այսօր պետք է կանխենք էլ ավելի կարեւոր ճգնաժամ՝ գործելով առանց հապաղման»,-ասել է Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում, նրա խոսքը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները:
Նա նշել է, որ «Փարիզի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը մինչեւ 2050 թվականն սպառնում է մոտավորապես 250 մլն կլիմայական փախստականների հայտնվելով»:
Հունիսի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: