ՀԱՊԿ-ն Մոսկվայում կանցկացնի հանդիպում՝ նվիրված ահաբեկչության հակազդման հարցերին
Միջազգային կազմակերպությունների հակաահաբեկչական կառույցների ներկայացուցիչները հունիսի 16-ին Մոսկվայում կմասնակցեն ահաբեկչության հակազդման խնդիրներին նվիրված հանդիպմանը, որը կազմակերպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը՝ ՌԴ-ի ԱԳ նախարարության աջակցությամբ։
«Հանդիպման մասնակիցները կքննարկեն ահաբեկչական իրադրության գլոբալ եւ տարածաշրջանային չափումները, ԴԱԻՇ-ը՝ որպես աննախադեպ եւ գլոբալ սպառնալիք խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հունիսի 14-ին ստացվել է «Ինտերֆաքս»-ում:
«Հանդիպման ընթացքում քննարկման կարեւորագույն թեմաներից մեկը կդառնա հակազդումը օտարերկրացի զինյալ ահաբեկիչների հավաքագրմանն ու անդրսահմանային տեղաշարժերին, ինչպես նաեւ պայքարն ահաբեկչական գաղափարախոսության եւ քարոզչության, բռնի ծայրահեղականության տարածման դեմ, որը տանում է ահաբեկչության»,- նշված է հաղորդագրության մեջ: