Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում ձերբակալություններ են իրականացվում
Անկարայի դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության 42 անձի ձերբակալելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ձերբակալման նպատակով գործողություններ են իրականացվում 9 նահանգում: Դրանց հետևանքով արդեն իսկ ձերբակալվել է 12 կասկածյալ: Նրանք գերազանցապես ByLock հավելվածի օգտատերեր են:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: