Ինչպե՞ս զարգացնել արհեստական ինտելեկտը Հայաստանում. PicsArt և Ucom ընկերությունների պրոբլեմային քննարկումը
Արհեստական բանականության հետ է կապվում տեխնոլոգիաների ապագան: Այդ է պատճառը, որ գրեթե բոլոր խոշոր ընկերություններն իրենց ապագա պլանները կառուցում են՝ հիմնվելով արհեստական բանականության ուսումնասիրությունը զարգացնելու վրա:
10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ընթացքում այս տարի խոսվում էր նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասին:
«Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները խոսեցին Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին, ներկայացրեցին ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերն ու այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկեցին հնարավոր համագործակցության եզրերն ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։
Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ամենատրենդային թեմային՝ այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղմնային վիճակում է։ Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող բուհերում մեքենայական ուսուցմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ միայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։
«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել և Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել և ինչ թրեյնինգներ ու ուսուցողական միջոցառումներ իրականացնել»,- նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական և գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:
Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 ամիս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիմնականում միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան բուհերում կրթություն ստացած մասնագետների մոտ։
Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ, և այլք։ Ինտենսիվ դասընթացի ավարտին մնացել է 3 ամիս։
«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։
Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած՝ մեծապես աջակցում ենք «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին»,- ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Սիրարփի Աղաբաբյան