Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի թվով 8 համայնքներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:
Դիտարկումների արդյունքներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել:
«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև
Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի
շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից
համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները
շատ ավելի մեծ կլինեին», – իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ,
որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան,
որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝
կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին