«Մենք շնորհակալ ենք Հայաստանին». Ջեյմս Ապատուրայ
Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, և առաջընթացը նշանակալի է: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ապատուրայը:
Նա հավելեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունն ամրագրված է լայն շրջանակային համաձայնագրով: Ապատուրայը նկատեց, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն կրթում է հայ զինծառայողներին իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:
«Հայաստանի պաշտպանության նախարարի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում նա իր պատրաստակամությունն ու նվիրումն է հայտնել այս հարցերին»,- ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Ջեյմս Ապատուրայը նաև հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են տարածքաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր: Նա ակնկալում է, որ Հայաստանում իր հանդիպումների ընթացքում վերը նշված հարցերը ևս օրակարգային կլինեն: